Birds in My Backyard - How to Feed Birds

ԻՆՉՈՎ ԿԵՐԱԿՐԵԼ ԹՌՉՈՒՆՆԵՐԻՆ

Ձմեռը ամենադժվար շրջանն է թռչունների համար: Ցածր ջերմաստիճանը, ուտելիքի դժվար հայթայթումը, կարճ օրերը հիմնական անբարենպաստ գործոններն են նրանց կենսագործունեության համար: Ձմռանը թռչուններին կերակրելով`մենք ի զորու ենք զգալիորեն հեշտացնել նրանց կյանքը: Կարևոր է հիշել, որ եթե նրանց կերակրելու պատասխանատվություն եք վերցրել, ապա դա պետք է անեք կանոնավոր, կուտը սպառվելուն պես: Հակառակ դեպքում կերակրելուն սովոր փետրավորները կարող են ոչնչանալ: Կերակրեք թռչուններին, և նրանք խստաշունչ ձմեռային օրերին կուրախացնեն ձեզ իրենց ուրախ ճռվողյունով:
Կարելի է կերակրել բոլոր տեսակի թռչուններին: Կարելի է դրան պատրաստվել դեռ ամառվանից` պատրաստելով ուտելիքը: Երբեմն բավական է միայն դուրս չնետել այն, ինչ մեզ պետք չէ: Ձմերուկ և սեխ ուտելուց հետո հավաքեք և չորացրեք սերմերը, և երաշտահավերը ձմռանը հաճույքով կուտեն դրանք: Նրանց կարելի է կերակրել նաև արևածաղկի, դդումի (բոված) սերմերով, կանեփով, անալի ճարպի և մսի կտորներով, տարբեր յուղերով` մարգարին, կարագ և այլն: Պատուհանին ամրացված կեռիկից կախված հին ցանցապարկի մեջ դրեք մի տուփ մարգարին կամ մի կտոր հալած պանիր: Երաշտահավերը հեշտ կգտնեն այդ համեղ կերակուրը:
Թռչունները սովորում են սենյակի մարդկանց, և մի քանի օրից դուք կկարողանաք պատուհանից հետևել նրանց եռուզեռը ընդհամենը մի քանի սանտիմետր հեռավորությունից: Երաշտահավերը հաճույքով ուտում են նաև հացի փշրանքներ (սև և աշորայի հաց չի կարելի): Ավելի լավ է օգտագործել մանրացրած չոր հաց: Թարմ հացը սառչում է ցրտին, և թռչունները չեն կարող ուտել այն: Ճնճղուկներն ու աղավնիները նույնպես հաճույքով կուտեն հացը: Խածկտիկի և սերմնակեր այլ թռչունների համար ամառվանից և աշնանից չորացնում են մոլախոտերի տրցակներ` սագախոտ, եղրևանի, ձիու թրթնջուկ, կոթուկ և այլն: Կեռնեխների համար պահում են հատապտուղների ողկույզներ: Դրանք հաճույքով ուտում են նաև խածկտիկները, սակայն, ի տարբերություն նախորդ տեսակների, ուտում են ոչ թե հատապտուղը, այլ կորիզները: Ձմռանը քաղաքում կուտամանի մոտ կտեսնեք այնպիսի անտառային բնակիչներ,ինչպիսին են սիտեղը, փայտփորիկը, անտառային կաչաղակը: Սիտեղներն ու փայտփորիկները սնվում են երաշտահավերի հետ միասին և հաճախ ընդհանուր երամներով են թռչում: Սիտեղները ուտում են այն ամենը, ինչ երաշտահավերը, իսկ փայտփորիկներին հետաքրքրում է նախ և առաջ կախված ճարպը, միսը և յուղի կտորները: Կաչաղակները նույնպես ուտում են ճարպ ու հաց: Հատուկ նրանց համար սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից կարելի է կաղին պաշարել: Կուտաման պատրաստելը դժվար չէ: Ամենապարզ տարբերակը կողերով տախտակն է ծայրերից ամրացված, որպեսզի ուտելիքը քամին չտանի: Այդ նպատակի համար կարելի է օգտագործել կաթի տուփեր, թիթեղե բանկաներ, ցանցապարկեր և այլն: